10 հոկտեմբերի 2019 - 15:02 AMT
ՀՀ-ում ընտանիքում բռնության դեպքերի ամբողջական բազա կստեղծվի

Հայաստանում առաջին անգամ կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի:

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, հանրապետությունում չի իրականացվում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում: Երևույթի տարածվածության, ծավալների և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ստացվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտությունների հիման վրա, ինչը բավարար չէ իրավիճակը գնահատելու, օրինաչափություններն արձանագրելու և կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնելու համար:

Այս որոշմամբ կարգավորվում են ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման, բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների միջև տեղեկատվության փոխանակման հետ կապված հարաբերությունները:

Միասնական վիճակագրական համակարգի ստեղծումից զատ, կձևավորվեն և կզարգանան ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման հստակ մեխանիզմներ: Իր հերթին վիճակագրությունը թույլ կտա պարբերաբար վերլուծել ընթացիկ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում վերանայել ոլորտի քաղաքականությունը: