7 հուլիսի 2003 - 23:48 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՔՈՒՐԴ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՎՐԱ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԵՋ
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը ամերիկյան զինվորականներից պահանջել է ազատ արձակել ուրբաթ օրը Իրաքի հյուսիսում ձերբակալված թուրք հատուկ նշանակության զինծառայողներին, որոնք կասկածվում են Քիրքուկ քաղաքի քուրդ նահագապետի մահափորձը կազմակերպելու մեջ: Ինչպես հաղորդում է ռուսական մամուլը, երեկվա դրությամբ միջադեպը դեռ չէր հարթվել: Ավելին, բազմաթիվ դիտորդների կարծիքով, այն հղի է Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների, որոնք առանց այդ էլ խաթարվել էին Պարսից ծոցի պատերազմի պատճառով, հետագա վատթարացմամբ: Հավանական է, որ խափանման եզրին է հայտնվել այս ամիս նախանշված Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցը ԱՄՆ, որի ընթացքում կողմերը պետք է հարթեին գոյություն ունեցող հակասությունները: Թուրքական հեռուստատեսության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ին պատասխան գործողությունների շարքում Անկարան դիտարկում է նաեւ ամերիկյան ինքնաթիռների համար թուրքական օդային տարածքի փակումը: Այժմ, Իրաքի հյուսիսում, «Ռոյթերի» տվյալներով, գտնվում են մոտ հազար թուրք զինծառայողներ, որոնք ապահովում են սահմանի անվտանգությունը երկու երկրների միջեւ: Ինչպես հայտնի է, Անկարան մտահոգ է անկախ Քրդական պետություն ստեղծելու նպատակով Թուրքիայի եւ Իրաքի քրդերի մերձեցմամբ: Վաշինգտոնը իր հերթին պաշտոնապես կոչ է անում Անկարային դուրս բերել զորքերը: