31 հոկտեմբերի 2008 - 18:25 AMT
Ալի Բաբաջանը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել տարածաշրջանային խնդիրները լուծելու Թուրքիայի ջանքերի վրա
«Թուրքիան եւ եվրոպական երկիր է, եւ ասիական: Մի երկիր է, որ հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամը եւ ձգտում մտնել ԵՄ»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Ստամբուլի Համաշխարհային Տնտեսական ֆորումի ընթացքում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացրել է տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված իր երկրի ջանքերի վրա: «Տարածաշրջանային խնդիրների լուծումները գտնելու համար Անկարան հանդես եկավ Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությամբ, որը արժանացավ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հավանությանը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` Ալի Բաբաջանն ընդգծել է, որ պաշտոնական Անկարան կոչ է անում Երեւանին եւ Բաքվին հակամարտության կարգավորման ճանապարհներ գտնել: «Տարածաշրջանային խնդիրների լուծման դեպքում լուրջ պոտենցիալ կա Կովկասում համագործակցություն հաստատելու համար»,- նկատել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Anatlolian News Agency-ն: