6 օգոստոսի 2002 - 20:08 AMT
ԵԽԽՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման խմբի առաջիկա նիստում, որը կկայանա սեպտեմբերի 10-ին Փարիզում, կքննարկվի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցը: Բաքվի լրատվական աղբյուրների համաձայն, Ադրբեջանի վերաբերյալ դիտարկման խմբի զեկույցը գրեթե պատրաստ է: Ինչպես հայտնի է, հուլիսի կեսին Բաքվում են գտնվել զեկուցողներ Անդրեաս Գրոսսը եւ Մարտինաս Կասանը, որոնք եւ պետք է նախապատրաստեին զեկույցի վերջնական նախագիծը: Հայտնի է նաեւ, որ պաշտոնական Բաքուն միանշանակ վերաբերմունք չունի Անդրեաս Գրոսսի նկատմամբ` մեղադրելով նրան Ադրբեջանի նկատմամբ բացասական կողմնակալության մեջ: Սակայն, ինչպես նկատել է Եվրախորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Աքշին Մեհտիեւը, Եվրախորհրդի դիտարկման խմբի անդամ Անդրեաս Գրոսսի դիտողությունները չեն կարող ազդել Բաքվի եւ Սթրասբուրգի փոխհարաբերությունների վրա: Մինչդեռ Հայաստանի առնչությամբ նմանատիպ զեկույցը դեռ պատրաստ չէ: ԵԽ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, ԵԽԽՎ դիտարկման խմբի այցը Երեւան նախատեսվում է օգոստոսի 19-ին: Այցի շրջանակներում եվրոպական փորձագետները կհանդիպեն հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ, կայցելեն կալանավայրեր: