11 նոյեմբերի 2008 - 15:39 AMT
Հայաստանը երբեք հանդես չի եկել եւ չի գա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցման օգտին
«Ես բազմիցս ասել եմ եւ նորից կկրկնեմ, որ Հայաստանի պաշտոնյաները չեն արտահայտվել եւ երբեւէ չեն արտահայտվի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու օգտին: Առավելեւս Հայաստանը չի հանդուրժի Հայոց ցեղասպանության ժխտողականության որեւէ դրսեւորում»,- հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցման օգտին, բացարաձակապես չեն համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ որոշ թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն են հրապարակել, որի համաձայն Ստոկհոլմում ելույթ ունենալիս Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարեւան երկրների հետ, եւ ինքը գտնում է, որ շատ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձեւերը «չեն նպաստի Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսության հաստատմանը»: Նախարարի խոսքերով, Հայաստանի ժողովուրդը վստահ է, որ Օսմանյան կայսրությունում իրագործվել է Հայոց ցեղասպանություն, բայց «ուշադրությունը կենտրոնացնելով այդ հարցի վրա` անհնար է կարգավորել լարված հարաբերությունները Թուրքիայի հետ»: