Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը կընտրվի դեկտեմբերի 23-ին, իսկ մինչ այդ թեկնածություն առաջադրելու մասին կարող է հայտարարել ցանկացած ոք՝ ֆուտբոլի հետ կապ ունեցող և ոչ: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հայկ Կարապետյանը: Պատասխանելով ՀՖՖ ղեկավար դառալու հայտ ներկայացրած թեկանծուների մասին հարցին՝ Կարապետյանը նշեց, որ թեկնածուների վերաբերյալ դեռևս ինֆորմացիա չկա:
«Ցանկացած ոք կարող է հիմա հայտարարել, որ ինքը առաջադրվելու է, բայց դա մեկնաբանելը ֆեդերացիայի գործառույթը չէ: Կարող է ՀՖՖ-ի հետ որևէ կապ չունեցող կամ այլ գործունեությամբ զբաղվող ցանկացած մարդ հայտարարել այդ մասին: Դրա դրդապատճառներն ու մոտիվացիան պետք է իրենցից ճշտեք, այլ ոչ թե ՀՖՖ-ից»,- ասաց Կարապետյանը:
Անդրադառնալով ֆեդերացիայի գործկոմի կուսակցականացված կազմի մասին հարցին և նոր հնարավոր կազմի մասին դիտարկմանը՝ Կարապետյանը ասաց, որ գործկոմի ընդգրկվող թեկնածուներին առաջարկում են ՀՖՖ անդամ հասարակական կազմակերպությունները:
«ՀԿ-ներն իրավասու են առաջադրել ցանկացած թեկնածուի, որին իրենք հարմար են համարում, կլինի կուսակցական, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ՀՖՖ-ում արդեն սկսվել է նաև այդ ՀԿ-ների «զտման» գործընթացը:
Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը ՀՖՖ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր հրաժարականի մասին։