ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իտալական Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում հիշատակել է Ադրբեջանում հակահայկականության ու մասնավորապես, սպորտում ու արվեստում երևույթի դրսևորումների մասին։
Փաշինյանը հիշեցրել է, որ բազմաթիվ երկրների հայազգի քաղաքացիներ հաճախ չեն կարողանում Ադրբեջան մուտք գործել հայկական ազգանվան պատճառով։ Վարչապետը հիշեցրել է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարողացել մասնակցել ԵԼ եզրափակչին ազգանվան պատճատով, ինչպես նաև անդրադարձել Բաքվում Սպիտակցի Հայկո լսելու համար ձերբակալված ադրբեջանցու միջադեպին։
«Հայկական զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնի հարվածներով սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ գտնվում էին Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցելու նպատակով: Այդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին: Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտվելուց մի քանի տարի անց ադրբեջանցի սպան արտահանձնվեց իր երկիր: Հայրենիքում նա ընդունվեց որպես ազգային հերոս, նրան ներում շնորհվեց նախագահ Իլհամ Ալիևի կողմից, նա ստացավ պաշտոնի բարձրացում և ապահովվեց Բաքվում բնակարանով», - հիշեցրել է ՀՀ վարչապետը։