Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու համար կառավարությունը բանակցում է տարբեր պոտենցիալ ներդրողների հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ հավելելով, որ առկա ձուլարանն արդյունավետ չէ և չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին:
«Նոր ձուլարանում նախատեսվում է օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք գրեթե ամբողջությամբ չեզոքացնում են արտանետումները»,- ասված է պատասխանում:
Պղնձաձուլարանը պետությանը նվիրելու մասին հարցին ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից ասել են, որ դա ապագայի տարբերակներից մեկն է՝ հավելելով, որ այդ հարցում պետության քաղաքականության հիմնական նպատակն է աշխատատեղերով ապահովել տեղի բնակչությանը և պահպանել բնապահպանական ամենաբարձր չափանիշները:
2018-ին Ալավերդու պղնձաձուլարանը դադարեցրել էր իր գործունեությունը, ինչի հետևանքով մոտ 630 հոգի գործազուրկ էր դարձել: Սնանկության եզրին հասած «Վալլեքս» ընկերությունը ձուլարանը վարկային պարտավորությունների դիմաց ռուսական ՎՏԲ բանկում էր գրավադրել: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է: Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՎՏԲ-ն ցանկանում է կառավարությանը նվիրել Ալավերդու պղնձաձուլարանը: Նոյեմբերին սակայն, «Իրատես» թերթն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, թե բանկը գործարանը նվիրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանի փեսային: