4 դեկտեմբերի 2019 - 10:19 AMT
Վարչապետը ԼՂ կարգավորումն է քննարկել ՀՀ և Արցախի ԱԳ նախարարների հետ

Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ՝ Զոհրաբ Մնացականյանին և Մասիս Մայիլյանին:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումն ինչպես իրականացված համատեղ աշխատանքն ամփոփելու, այնպես էլ՝ հետագա անելիքները նախանշելու առումով:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ԼՂ կարգավորման գործընթացում առկա զարգացումների շուրջ:

Վարչապետն առանձնահատուկ կարևորել է Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների ներգրավումը խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես վերջինիս արդյունավետության բարձրացման գործուն միջոց:

Անդրադարձ է կատարվել նաև Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում նախատեսվող միջոցառումներին և հանդիպումներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: