Եթե Հայաստան եկած պոտենցիալ ներդրողները շեյխերի ներկայացուցիչ լինեին, չէին խնդրի Գագիկ Ծառուկյանին՝ հանդիպում կազմակերպել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, այլ կանեին դա դեսպանատան միջոցով: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից դժգոհ մնացած պոտենցիալ ներդրողներին՝ Փաշինյանը նշել է, որ ինքն այնքան էլ վստահ չէ, որ նշված անձինք, շեյխերի ներկայացուցիչներ են եղել:
«Այո,՛ Գագիկ Ծառուկյանը զանգել է ինձ՝ ասելով, որ խոշոր ներդրողներ են, Երևանի քաղաքապետը կիրակի օրով ընդունել է: Ընդ որում, ինձ ասել է շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչ են, ես, հարգանքով վերաբերվելով, ասել եմ՝ թող ընդունեն»,- նշել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ հանդիպմանը ջինսերով և սպորտային կոշիկներով գալը ևս վերաբերմունք է պետական ինստիտուտին, վարչապետը նաև անդրադարձել է հյուրերի՝ պաշտոնական հանդիպման ընթացքում զանգերի պատասխանելուն՝ նշելով, որ քաղաքապետը ճիշտ է վարվել նման իրավիճակում՝ եզրափակելով հանդիպումը:
Ըստ Փաշինյանի՝ ԲՀԿ-ն սկսել է ներդրումային քաղաքականությունից բողոքել այն ժամանակվանից, ինչ քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին՝ շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար:
«Հյուսիս-հարավ» պրոյեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել, որ ՀՀ այդ նախագիծը կթել են որպես կթու կով, ով հասել է: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք հատ-հատ և շարունակելու ենք կտրել»,- ասել է Փաշինյանը:
Կարդացեք նաև.Ծառուկյան-Մարության հերթական «ռաունդի» մասին