Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ քննարկել է հայ-ամերիկյան երկխոսությունը։
Անդրադարձ կատարելով երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի և ձեռնարկվելիք առաջիկա քայլերի վերաբերյալ։
Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի շարունակական աջակցությունը մի շարք ծրագրերին և նախաձեռնություններին:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ նախարարական համաժողովի օրակարգային հարցերի շուրջ։
Զրուցակիցներն անդրադաձել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։
Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը կարծիքներ են փոխանակել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման և դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության շուրջ։ Այդ համատեքստում զրուցակիցները կարևորել են խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման, ինչպես նաև ժողովուրդների խաղաղության նախապատրաստման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով: