Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող մեքենայի կողային հայելիները գողացողը 16-ամյա երիտասարդ է: Այս մասին հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ երիտասարդն արդեն բացատրություն է տվել Կենտրոն բաժնում:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 16-ի գիշերը Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գողացված կողային հայելիները։Երիտասարդը կողային հայելիները վաճառել է:
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների և տեսանյութերի՝ մեքենան պատկանում է Հայաստանում Վրաստանի դեսպանատանը և սպասարկում է դեսպանին: