17 դեկտեմբերի 2019 - 17:32 AMT
Արցախում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Դեկտեմբերի 17-ին, Պաշտպանության բանակի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, նվիրված ձմեռային զորակոչի մեկնարկին:

Զորակոչիկների առաջին խմբաքանակին շնորհավորելու էին եկել բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, հրամանատարի՝ ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը, ՊԲ-ի ավագ գնդերեցը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով օրվա հերոսներին, բանակի հրամանատարի տեղակալներն ու միջոցառման մյուս բանախոսներն արժևորել են օրվա խորհուրդը՝ բանակի սերնդափոխության բնականոն իրականացման և հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու համատեքստում, հավաստելով, որ զինակոչիկների ծառայության ամբողջ ընթացքում հանրային բոլոր շրջանակներն ու ՊԲ-ի հրամկազմը կլինեն վերջիններիս կողքին և համատեղ ուժերով կլուծեն ծառայությանը խոչընդոտող բոլոր տեսակի խնդիրները:

Միջոցառման ավարտին զինակոչիկներին բաժանվել են աղոթագրքեր, իսկ հետագա ծառայության վայրերի ընտրությունը տեղի է ունեցել ավանդական վիճակահանության միջոցով: