20 դեկտեմբերի 2019 - 17:46 AMT
Պուտինը շքանշան է հանձնել Տիգրան Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին: Շքանշանը շնորհվել է Սարգսյանի առանձնահատուկ ծառայությունների համար ԵՏՄ զարգացման, ինչպես նաև ՌԴ և ՀՀ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

«Ես պատվավոր առաքելություն ունեմ. ՌԴ բարձր պետական պարգևը՝ Բարեկամության շքանշանը, հանձնել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Մինչ այդ կցանկանայի նշել, որ նա ծանրակշիռ անձնական ավանդ ունի ԵՏՄ զարգացման գործում»,-ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընթացող ԵՏՀ Բարձրագույն խորհրդի նիստում, հայտնում է Sputnik Արմենիան:

Նշվել է, որ ԵՏՀ-ն վերջին 4 տարում աշխատել է առանց խափանումների՝ հաջողությամբ լուծելով ինտեգրման քաղաքականության բոլոր ամենաբարդ խնդիրները:

Փետրվարի 1-ին Տիգրան Սարգսյանին ԵՏՀ ղեկավարի պաշտոնում կփոխարինի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը:

Տիգրան Սարգսյանը գլխավորում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2016-ի փետրվարի 1-ից: Մինչ այդ Սարգսյանը ՀՀ դեսպանն էր ԱՄՆ-ում 2014-ից: 2008-2014 թթ. Սարգսյանը եղել է Հայաստանի վարչապետը, 1998-2007 թթ. ղեկավարել է ՀՀ Կենտրոնական բանկը: 1993-1995 թթ. եղել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահը: Սարգսյանը տնտեսական գիտությունների թեկնածու է: