BURO ռուսական հանդեսը, որը իր հոդվածաշարում անդրադառնում է այն հարցին, թե ինչպես առավելագույնը ստանալ Ամանորի տոներից աշխարհի տարբեր անկյուններոմ, անդրադարձել է Երևանին։
Նշվում է, որ Երևանը փոքր քաղաք է և պետք է հաշվի առնել, որ այն մեծ վերակառուցման է ենթարկվել խորհրդային տարիներին, ուստի, հին Երևանից քիչ բան է մնացել։ Փորձելով պատասխանել հարցին, թե որն է Երևանի սիրտը՝ հոդվածագիրը գրում է․ «Երևանը տեղով մի մեծ սիրտ է, դժվար է մեկ վայր առանձնացնել։ Բայց մի բան կարող եմ հստակ ասել, որ Երևանի աչքերը Կասկադն է։ Այն սկսել են նախագծել դեռ 1924-ին և դեռ չեն ավարտել, սակայն Երևանում դժվար է ավելի ճանաչված վայր գտնել»։
Նշվում է, որ Երևանի բոլոր հետաքրքիր վայրերը շատ մոտ են իրար, ուստի ձմռանը կարելի է ոտքով ամենուր այցելել։ Ասվում է նաև, որ քաղաքում կա մետրո և տրանսպորտ, բայց օգտվելն անիմաստ է, քանի որ տաքսին շատ էժան է։
Հեղինակ Նինա Ռասյուկը թանգարաններից, ուր կարելի է այցելել, առանձնացրել է Փարաջանովի տուն-թանգարանը, Megerian Carpet Museum-ը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Hay Art մշակութային կենտրոնը, որը ԽՍՀՄ-ում ժամանակակից արվեստի առաջին թանգարանն էր։
Նշվում է, որ Երևանում հրաշալի բարեր և ակումբներ կան, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել և ինչ-որ գեղեցիկ ու համեղ բան խմել։ Գերազանց կոկտեյլների սիրահարները կարող են HOUL գնալ՝ հաստատությունը բացողներն այն անվանում են գինետուն և ոգիների խանութ (Hall of Soul)։
Հեղինակը խորհուրդ է տալիս նաև օգտվել ուղղաթիռով էքսկուրսիա կատարելու հնարավորությունից, քանի որ վերևից աներևակայելի տեսարաններ են բացվում։
Ասվում է, որ Երևանում ամենուր կարելի է լուսանկարվել։ «Երևանը կարծես թե փոքր է, բայց իրականում մասշտաբով քաղաք է, որը իդեալական է տեղավորված տեղանքում։ Այստեղ զարմանալի մթնոլորտ է և անհավանական հյուրընկալ մարդիկ»,-ասվում է հոդվածում։
Նշվում է նաև, որ հարկավոր է լինել ոչ միայն Երևանում, այլ այցելել Գյումրի, Գառնի, Գեղարդ, Դիլիջան, Ջերմուկ, Ծաղկաձոր, Խոր Վիրապ, Տաթև և գեղեցկագույն Սևան։ «Այս ամենը Հայաստանն առանձնահատուկ է դարձնում»,-ասվում է հոդվածում։