Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն անընդունելի է համարում համալսարանի ուսխորհրդի նախագահին ձեռնաշղթաներով բերման ենթարկելը և կարծում է, որ ոստիկանությունը պետք է ներողություն խնդրի Դավիթ Ափոյանից: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
«Տեղի ունեցածն անընդունելի է: ՀՀ Ոստիկանությունը պետք է հիմնավորի գործողությունների իրավաչափությունը և ներողամտություն հայցի Դավիթ Ափոյանից: Այս պահվածքը հարիր չէ ՀՀ Ոստիկանությանը»,-ասել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:
Գևորգյանի խոսքով՝ բերման ենթարկելու պահին ինքը համալսարանում չի եղել, Ափոյանը հեռախոսով կապվել է իր հետ:
«Ասացի՝ հեռախոսը փոխանցիր քննիչներին, նա էլ տեղեկացրեց, որ վերջիններս հրաժարվում են վերցնել հեռախոսը: Զանգահարեցի ԵՊՀ անվտանգության պետին և ասացի, որ հեռախոսը փոխանցի քննիչներին: Նրանցից հետաքրքրվեցի, թե ինչ է պատահել: Ի պատասխան՝ նշեցին, որ ցանկանում են հարցաքննել ՈՒԽ նախագահին: Նրանց հիշեցրի, որ գտնվում են համալսարանում և գործ ունեն ուսանողի հետ: Հորդորեցի պահել պատշաճ և զգուշացրի, որ համալսարանում բռնի և անօրինական գործողություն չպետք է լինի: Նրանք էլ հավաստիացրին, որ ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում: Որոշ ժամանակ անց ինձ զանգահարեց անվտանգության պետ Լ. Առուստամյանը և ասաց, որ Դավիթին բերման ենթարկեցին»,- պատմել է Գևորգյանը:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ոստիկանությունը պարտավոր է հանդես գալ հայտարարությամբ, որով կամ կպարզաբանի և կհիմնավորեն այդ գործողությունը, կամ ներողամտություն կհայցի Դավիթ Ափոյանից:
«Լռել և սպասել, թե ում ուսերին կընկնի մեղքը, կրկնում եմ ՀՀ ոստիկանությանը հարիր պահվածք չէ»,-եզրափակել է Գևորգյանը:
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը համալսարանից ձեռնաշղթաներով տարվել էր ոստիկանություն: Մի քանի ժամ անց նա ազատ էր արձակվել: Ափոյանը վկայի կարգավիճակ ունի օրեր առաջ ԵՊՀ բակում հնչած կրակոցների քրգործով: