26 դեկտեմբերի 2019 - 12:37 AMT
Վարչապետ. Պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից, որովհետև «սա յուրահատուկ է»

Ծխելուց ոչ պակաս վտանգավոր երևույթ համարվում է սխալ սնվելը:

Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ սխալ սնվելու և հին մթերք օգտագործելու խնդիրը հատկապես մեծանում է Ամանորին:

«Ես ցանկանում եմ բոլոր քաղաքացիներին կոչ անել, ներողություն եմ խնդրում նման իրավունք վերապահելու համար, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից, որովհետև «սա յուրահատուկ է», հետո սեղանին եղած ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում, վիրավորվելու տրամաբանությամբ, «բա էսքանը պատրաստել ենք, որ փչանա՞»: Հարգելի քաղաքացիներ, Ամանորին մարդկանց, քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են, պետք է դա հաշվի առնել»,-ասել է վարչապետը՝ կարևորելով տոներին թատրոնների աշխատելը:

Վարչապետը նշել է, որ իրենք ուզում են, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթեթելով:

«Տոլման և մնացած ամեն ինչ պետք է ուտել թարմ վիճակում, չի կարելի մեկ օրում պատրաստել 5 օրվա մթերք, որովհետև որոշ ժամանակ անց այդ մթերքը վնասակար է: Մենք սուպերմարկետների դեմ կռիվ ենք տալիս, որ ժամկետանց մթերք չվաճառեն, բայց Նոր տարվան մեր հարազատներին ստիպում ենք, որ սրանից էլ պետք է ուտես, նրանից էլ ուտես, 3 օրվա ստալիչնի սալաթը, 4 օրվա բլինչիկը և 15 օրվա խոզի բուդը: Մի՛ արեք, հարգելի քաղաքացիներ, պատրաստեք այնքան, որքան ռեալ է ուտել, և պետք չէ տոնակատարությունն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ»,-ասել է Փաշինյանը: