26 դեկտեմբերի 2019 - 16:19 AMT
5-րդ ալիքի սեփականատերը 2 ամսով կկալանավորվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որոշելով 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին 2 ամսով կալանավորել:

Նիստից հետո լրագրողներին այդ մասին ասել է Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Դատարանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ձերբակալման իրավաչափության մասով, որոշելով բավարարել քննիչի միջնորդությունը՝ պարոն Թավադյանին 2 ամսով կալանավորել»,-ասել է Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանն ասել է, որ իրենք բողոքարկելու են որոշումը, դրա վերաբերյալ հանդես կգան հայտարարությամբ։

«Հիմա պարոն Թավադյանին տեղափոխելու են ձերբակալվածների պահման վայր, այնուհետ՝ կալանավայր, դեռ պարզ չի որտեղ»,-ասել է Խուդոյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է:Այս մասին PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով(Վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը»,- ասաց Օհանջանյանը՝ հավելելով, որ նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև մեկ այլ անձի՝ Վարուժան Մկրտչյանին: