Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին է մոտեցել «Գետափ» ռեստորանային համալիրի աշխատակցուհին և հայտնել, որ ռեստորանի տարածքում գտնվող շներից մեկը կատաղած է և հարձակվել է իր վրա, սակայն ինքը պաշտպանվել է ու չի թողել, որ շունն իրեն կծի:
ՊՈԱԿ-ի տնօրենը, համապատասխան մարմիններին հայտնելու և միջոցներ ձեռնարկելու փոխարեն, նույն օրը՝ ժամը 13:15-ի սահմաններում, ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով (Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը):
Օրենքով սահմանվում է, որ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով։
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: