21 նոյեմբերի 2008 - 18:09 AMT
ՀԱԵ-ն Վրացական եկեղեցուն գրություն է հղել, որում քննադատել է Նորաշեն եկեղեցու հանդեպ ոտնձգությունները
«Վրաստանի հայկական եկեղեցիների եւ տաճարների պատկանելության խնդիրը գոյություն ունի դեռեւս 1994թ.-ից: Ժամանակին Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանում էր մոտ երեք տասնյակ եկեղեցի եւ տաճար: Այսօր ՀԱԵ Վրացական Թեմին պատկանում են միայն երկու եկեղեցի, իսկ Նորաշեն եկեղեցու պատկանելության հարցը մնում է չլուծված»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Մայր աթոռ Սբ.Էջմիածնի մամլո քարտուղար Վահրամ Մելիքյանը:

Ինչպես հաղորդել է Վահրամ Մելիքյանը, Վրաստանում բացակայում է կրոնի եւ դավանանքի ազատության մասին օրենքը, եւ Վրաստանի բոլոր եկեղեցիներին ու կրոնական կազմակերպություններին, բացի Վրացական ուղղափառ եկեղեցուց, առաջարկվել էր գրանցվել որպես իրավաբանական անձ: «Այդ իսկ պատճառով ՀԱԵ Վրացական Թեմը չունի որեւէ իրավաբանական կարգավիճակ եւ, հետեւաբար, հայկական այն եկեղեցիներն ու տաճարները, որոնք գործում են Վրաստանի տարածքում, մեզ չեն պատկանում»,- հաղորդել է Մայր աթոռ Սբ.Էջմիածնի մամլո քարտուղարը եւ ավելացրել, որ Թբիլիսիի հայկական Նորաշեն եկեղեցու հանդեպ ոտնձգությունները սկսվել են դեռեւս 1994թ.: Վահրամ Մելիքյանի խոսքերով, ՀԱԵ-ն մի անգամ չէ, որ պատվիրակություն է ուղարկել այդ հարցի լուծման համար, եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչները հավատացրել են, որ կջանան ընդունելի լուծում գտնել այդ խնդրին:

«Այսօր առավոտյան ՀԱԵ Բարձրագույն խորհուրդը Վրացական եկեղեցուն գրություն է հղել, որում քննադատել է Նորաշեն եկեղեցու հանդեպ ոտնձգությունները: Մենք վրացական եկեղեցուց պահանջել ենք նաեւ լուծել գոյություն ունեցող խնդիրը»,- հայտնել է Մայր աթոռ Սբ.Էջմիածնի մամլո քարտուղարը:

Նոյեմբերի 16-ին Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիքինչելաշվիլին բանվորների հետ, բուլդոզերի օգնությամբ սկսել է քանդել Թբիլիսիի Նորաշեն վանքի բակում գտնվող Միխաիլ եւ Լիդիա Թամամշեւների գերեզմանները: Թիֆլիսահայերի վրդովված ամբոխը պահանջել է իրենց տեղը վերադարձնել շիրմաքարերը, լեզվակռիվ է ծավալվել: Հայր Տարիելը կտրուկ հայտարարություններ է արել հայերի հասցեին, ընդգծելով, թե «հայերը միշտ հակված են յուրացնել այն, ինչ իրենցը չէ», իսկ այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել ՀԱԵ տեղի թեմի ներկայացուցիչներն ու Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրտը, վրացի եկեղեցականը սկսել է արդարանալ, թե ժամանակավորպես տեղափոխում էր քարերը եկեղեցու բակը բարեկարգելու նպատակով, իսկ ավելի ճիշտ «շիրմաքարերի տակ մաքրելու համար...»: