27 դեկտեմբերի 2019 - 16:02 AMT
Արփինե Հովհաննիսյան. ՍԴ դատավորի նկատմամբ քրհետապնդում կարող է հարուցվել միայն ՍԴ համաձայնությամբ

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ՍԴ համաձայնությամբ

Գրառման մեջ մասնավորախպես ասվում է. «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների (2005) 97-րդ հոդվածը սահմանում է. «Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԴ համաձայնության»:

Սա նշանակում է ցանկացած մեղադրանքի կապակցությամբ։

ՀՀ Սահմանադրության (2015) 164-րդ հոդվածը սահմանում է.«Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:»:

Սա նշանակում է այնպիսի մեղադրանքի կապակցությամբ, որը իր՝ որպես ՍԴ դատավորի լիազորությունների հետ է կապված»։

Նշվում է, որ Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է նշանակվել նախորդ Սահմանադրությամբ։

«Հիմա, ինչպես ասում են, «միլիոնանոց հարցը». Ո՞րն է այս տեքստերի տարբերությունը։ Առհասարակ ինչով են իրարից տարբերվում ՍԴ դատավորների գործառութային (2015 թվականի տեքստ) և բացարձակ (2005 թվականի տեքստ) անձեռնմխելիությունները:

Կա՞ իրավաբան, որ չի տեսնում տարբերությունը։ Պարզվում է կա։ Ոչ ավել ոչ պակաս երկրի արդարադատության նախարարը»,-ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո մեղադրանք առաջադրել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։