14 հունվարի 2020 - 11:50 AMT
Պաշտպան. Փոխնախարարի գործով Արայիկ Հարությունյանին հարցաքննելու միջնորդություն կա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի, հայտնում է Aysor.am-ը:

«Սրանով մենք փորձում ենք ապացուցել, որ Գևորգ Լոռեցյանը, նախքան ձերբակալումը, դիմել էր, որ ազատվի իր պաշտոնից, ու ես կարծում եմ, որ դա էական է այս քրեական գործի համար», - ասել է փաստաբան Լևոն Սահակյանը։

Պաշտպանը նշել է, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող ներկայացնել՝ հստակեցնելով, որ միջնորդությունը նախքան տոներն են ներկայացրել, բայց մինչ օրս պատասխան դեռ չեն ստացել։

Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։

Նրա հետ ձերբակալվել էին նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Դեկտեմբերի 7-ին Լոռեցյանը, նրա վարորդը և ակումբի նախագահը կալանավորվել էին, ապա վերջիններիս մեղադրանք էր առաջադրվել։

Գևորգ Լոռեցյանը պաշտոնապես աշխատանքից ազատվել էր դեկտեմբերի 26-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։