25 նոյեմբերի 2008 - 16:05 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն աջակցում է ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի ձգտմանը
«Հնարավոր է, որ Հայաստանում եւ Թուրքիայում շատերը չեն ցանկանում երկկողմ հարաբերությունների կարգավորում, բայց որոշումները կայացնում են երկու երկրների ղեկավարները եւ դա այն է, ինչով մենք այժմ զբաղվում ենք»,- Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) քարտուղարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, մուտքը ԵՄ հանդիսանում է Թուրքիայի նպատակն ու առաջնությունը, եւ Հայաստանն աջակցում է Անկարայի այդ ջանքերին:

Շոշափելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այն առաջնային տեղ է զբաղեցնում քննարկումներում, ավելացնելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ եւ ամեն ինչ դեռ առջեւում է, հաղորդում է թուրքական Sabah թերթը:

Էդվարդ Նալբանդյանը Ստամբուլում է գտնվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) քարտուղարության նիստին մասնակցելու համար: Հոկտեմբերի 23-ից Հայաստանը հանդիսանում է ՍՏՀԿ նախագահ երկիրը: