ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երազում է տիեզերք թռչել: Այդ մասին նա ասել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում, որտեղ «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովի գլխավոր բանախոսն էր:
«Երբ ես շատ փոքր էի, առաջին մարդը թռավ տիեզերք։ Նրա անունը Յուրի Գագարին էր։ Թվում էր, որ դա գիտական ֆանտաստիկա է։ Ինչպե՞ս կարող է մարդը գնալ տիեզերք։ Սակայն այդ օրվանից ես սկսեցի երազել տիեզերք թռչելու մասին։ Եվ կյանքիս ընթացքում անընդհատ մտածում եմ՝ կկարողանա՞մ իրականացնել երազանքս, թե՞ ոչ... Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք», - ասել է նախագահը:
Նախագահ Սարգսյանի ասում է՝ աշխարհը փոխվում է, բայց մարդկային արժեքների տեսանկյունից այն քիչ թե շատ նույնն է. և պետք չէ վախենալ փոփոխություններից:
«30, 40, 50 տարի առաջ բոլորը վախենում էին, որ համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն իրենց աշխատանքը։ Սակայն համակարգիչները հարյուր միլիոնավոր աշխատատեղեր ստեղծեցին։ Հիմա գալիս է արհեստական բանականությունը, սակայն կարիք չկա անհանգստանալու, քանի որ ձեր բնական, մարդկային բանականությունը միլիոնավոր անգամ ավելի հզոր է, քան որևէ արհեստական բանականություն»,- ասել է նա։
Նախագահը հավելել է նաև, որ պետք չէ վախենալ տեխնոլոգիաներից։
«Միակ բանը, որից պետք է վախենանք, հենց մենք ենք, քանի որ մենք կարող ենք օգտագործել միջուկային էներգիան ինչպես հօգուտ, այնպես էլ՝ ի վնաս... Ուստի իմ ուղերձը ձեզ մեկն է՝ ամենակարևոր արժեքը ձեր մարդկային արժեքներն են, ձեր բարոյականությունն ու ձեր մարդկությունը։ Չվախենաք ոչնչից»,- եզրափակել է նա:
Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ում է աշխատանքային այցով: