Բեյրութում առնվազն 35 մարդ է տուժել ոստիկանության հետ բախումներում, հայտնում է լիբանանյան Կարմիր խաչը:
«Վիրավորվել է 35 մարդ, նրանք հոսպիտալացվել են: 10-ին տեղում է օգնություն ցուցաբերվել»,- ասվում է հայտարարության մեջ:
Բախումներ եղել են Կորնիշ էլ Մազրա փողոցում` ոստիկանության վարչության առջև: Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել ձերբակալված համախոհներին: Հունվարի 15-ի երեկոյան տասնյակ ցուցարարներ սկսել են սադրել ոստիկանությանը՝ քարեր և պայթուցիկներ նետելով նրանց ուղղությամբ: Ոստիկանները, իրենց հերթին, արցունքաբեր գազ են կիրառել հանրահավաքը ցրելու և մասնակիցներին ձերբակալելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քարեր նետելով ոստիկանության ուղղությամբ՝ ցուցարարները ստիպել են ոստիկաններին նահանջել վարչության տարածք, սակայն շուտով իրավապահները կրկին գրոհի են անցել:
Մի քանի պայթուցիկ պայթել է Լիբանանում ՌԴ դեսպանության տարածքում, որը ոստիկանության վարչության դիմաց է: Դեսպանության աշխատակիցները չեն տուժել:
Հակակառավարական ցույցերը Լիբանանում սկսվել են դեռևս 2019-ի հոկտեմբերից: Չնայած Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց, ցույցերը չդադարեցին: Տնտեսական և ֆինանսական վիճակը երկրում ճգնաժամային է: