28 նոյեմբերի 2008 - 12:38 AMT
Շանհայի «Էքսպո-2010»-ը եզակի հնարավորություն է` ներկայացնել աշխարհին այն ամենն, ինչով կարող է հպարտանալ Հայաստանը
Հայաստանը «Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու հավակնոտ ծրագրեր ունի: Ցուցահանդեսը եզակի հնարավորություն է ներկայացնել աշխարհին այն ամենն, ինչով կարող է հպարտանալ Հայաստանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի կողմից ցուցահանդեսի նախապատրաստման եւ կազմակերպման ստեղծագործական խմբի ղեկավար, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Հայաստանի կառավարությունը հայկական ցուցասրահի նախապատրաստման նպատակով հատկացրել է ավելի քան 2,5 մլն դոլար:
Հայկական կողմը «Էքսպո-2010»-ի կազմակերպիչներին նախնական հայտ է ներկայացրել 1000 քառ. մետր տաղավար հատկացնելու խնդրանքով, որը 3 անգամ ավելի մեծ է Հաննովերի եւ Աիչիի համաշխարհային ցուցահանդեսներում եղած մեր տաղավարներից:
«Մենք մտադիր ենք ներկայացնել Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառները, որոնք ունակ են հետաքրքրել ցուցահանդեսի այցելուներին, որոնց թիվը, ըստ կազմակերպիչների գհանահատականների, կարող է գերազանցել 100 միլիոնը»,- ասել է Կարեն Աղամյանը: Հայաստանի կառավարությունը «Էքսպո-2010»-ի նախապատրաստման հատուկ հանձնաժողով է ստեղծել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ: Ցուցասրահի պատրաստման անմիջական աշխատանքներով զբաղվում է Զարգացման հայկական գործակալությունն ու դրա տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:
Կարեն Աղամյանը տեղեկացրել է, որ ներկայիս փուլում քննարկվում է տաղավարի մի քանի նախագիծ, սակայն բազմաթիվ քննարկումների արդյունքում արդեն որոշվել է ցուցադրության թեման` «Հայերն աշխարհի քաղաքներում»:
«Մենք մտադիր ենք ընտրել ամենաօրիգինալ նախագիծը, որպեսզի գրավենք առավելագույն թվով հաճախորդների ուշադրությունը, քանզի «Էքսպո-2010»-ում մենք պետք է մրցենք մի շարք երկրների եւ, մասնավորապես, Ճապոնիայի հետ, որի տաղավարը գտնվելու է մեր հարեւանությամբ,- ասել է Կարեն Աղամյանը:
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի Հայաստանի օր, որին ակնկալվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության ներկայությունը: Կարեն Աղամյանը շեշտել է, որ աշխատանքային խումբը բաց է առաջարկների համար եւ կողջունի բոլոր հետաքրքիր գաղափարները:
«Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսը կկայանա Շանհայում 2010 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին: Ցուցահանդեսի թեման է «Լավագույն կյանքը լավագույն քաղաքում», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: