30 հունվարի 2020 - 17:03 AMT
Թուրք մոդելավորող. Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի

Աստղերի համար զգեստներ մոդելավորող թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ երբեք զգեստ չի կարի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի համար: Որպես պատճառ նա մատնանշել է այն փաստը, որ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, գրում է Ermenihaber-ը:

Թուրքական մի հեռուստահաղորդման ընթացքում Իսմայիլը, մասնավորապես, ասել է. «Ես ազերի-թուրք մոդելավորող եմ: Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»:

Քարդաշյանը թվիթերյան իր միկրոբլոգում և տարբեր հարթակներում պարբերաբար անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային: Վերջերս, օրինակ, նա անդրադարձել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուն՝ շնորհակալություն հայտնելով որոշման համար. «Դա այնքան կարևոր է հայ ժողովրդի համար»,- գրել էր նա Twitter-ում::