Արգանդի վզիկի քաղցկեղն առաջիկա 100 տարում կարող է վերանալ: Գիտնականների միջազգային կոնսորցիումը պրոֆեսոր Մարկ Բրիսոնի (Լավալ համալսարան, Կանադա) ղեկավարությամբ նման կանխատեսում է արել: Բրիսոնի հոդվածը հրապարակվել է The Lancet-ում:
Արգանդի վզիկի քաղցկեղն առաջացնում են Մարդու պապիլոմավիրուսի (HPV) որոշ շտամեր: 100 տարում այդ հիվանդությունն արմատախիլ անելու համար գիտնականներն առաջարկում են զանգվածաբար պատվաստել 9-ամյա աղջիկներին, կրկնել պատվաստումը 14 տարեկանում, ինչը թույլ կտա ամբողջ կյանքում պաշտպանել նրանց վիրուսով վարակվելուց:
Նպատակն է մինչև 2030-ը պատվաստել մոլորակի աղջիկների 90 տոկոսին:
Բացի այդ, անհրաժեշտ է, որ կանանց առնվազն 70%-ը կյանքում գոնե մեկ, իսկ ավելի լավ է՝ երկու անգամ արգանդի վզիկի սքրինինգի ենթարկվի: Խորհուրդ է տրվում դա անել 35 և 45 տարեկանում: Կարևոր է, որ այն կանանց 90 տոկոսը, որոնց մոտ նախաքաղցկեղային վիճակ է, ժամանակին համապատասխան բուժում ստանա:
Բրիսոնի և նրա գործընկերների վերլուծությունը ցույց է տվել, որ միայն աշխարհի 78 երկրում աղջիկների պատվաստումը թույլ կտա հարյուրամյակի ընթացքում նվազեցնել հիվանդացության մակարդակը 89 տոկոսով և կանխել հիվանդության 60 մլն նոր դեպք:
Հետազոտության արդյունքներն օգտագործվելու են արգանդի վզիկի քաղցկեղի վերացման գլոբալ ռազմավարության մշակման ժամանակ, որը ներկայացվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը 2020-ի մայիսին: