7 փետրվարի 2020 - 11:40 AMT
«Էկո գյուղերի» ցանցը զարգանում է. Լուսավորված նոր փողոցներ՝ Արփիում

Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում լուսավորվել է ևս 4 փողոց` մոտ 2300 մ երկարությամբ ճանապարհ: Տեղակայվել է էներգախնայող 60 լուսատու:

Ծրագրի արդյունքը երկարաժամկետ է և թիրախավորված: Այն ապահովում է ենթակառուցվածքների զարգացում, բյուջետային միջոցների խնայողություն և մարդ-վայրի բնություն հակասության կարգավորման նախադրյալներ:

Արփի գյուղի բնակիչները նախորդ ամռան վերջին երկու ամիսը գիշերները հերթապահություն են սահմանել՝ գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Վայրի կենդանիների «թիրախում» էր գյուղի՝ մթության մեջ գտնվող հատվածը: Ծրագրի շնորհիվ, լուսավորվել է հենց այդ մասը՝ հնարավոր վտանգը հետագայում կանխելու նպատակով:

Համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արփի բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանն ու համայնքի բնակիչներ:

«Այն, ինչ իրականացնում ենք այս ծրագրի շրջանակում, շատ կարևոր է: Փորձում ենք փոխել բնության ռեսուրսներն անխնա սպառելու մոտեցումը: Դա կարևոր է վաղվա սերնդի համար: Երբ տարբեր գյուղերում նման համակարգ ենք գործարկում, մարդիկ սկզբում գնահատում են առաջին հայացքից տեսանելին՝ վառ լուսավորությունը: Կարճ ժամանակ անց, հատկապես այնտեղ, որտեղ երկրորդ փուլն է իրականացվում, զգում են ծրագրի մյուս՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսական արդյունավետությունը: Նաև այն, որ երեկոյան ժամերին կա անվտանգ քայլելու հնարավորություն: Այդ ամենը թույլ է տալիս փոխել նաև մարդկանց մտածելակերպն ու փնտրել զարգացման այլ հեռանկարներ», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

«Էկո գյուղերի ցանց» ծրագրի մեկնարկը գյուղում տրվել է 2018-ին: Առաջին փուլով գործընկերները լուծել են գյուղի գլխավոր փողոցի արտաքին լուսավորության խնդիրը: Այդ ժամանակ կառուցվել է 51 լուսադիոդային (LED) լուսարձակից բաղկացած համակարգ և լուսավորվել 2 կմ հատված: Այսպիսով, երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում, գործընկեր կառույցների և Արենիի համայնքապետարանի համատեղ ջանքերով, Արփի գյուղում տեղակայվել է 111 LED լուսարձակ և լուսավորվել 4300մ հատված:

Կենսաբազմազանությամբ հարուստ և հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավորություն է ստեղծվում գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

Բնապահպանական և էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Գյուղի փողոցները կլուսավորվեն մինչև գիշերվա 01:00-ն: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում: