2 դեկտեմբերի 2008 - 16:53 AMT
Հայաստանը մտադիր է զարգացնել խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործումը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին (Գերմանիա): Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործմանն ուղղված պարոն Բիրկհոֆերի ջանքերը եւ շեշտել, որ տասներկու տարի անընդմեջ նա չափազանց կարեւոր աշխատանք է կատարում: Նշելով, որ էներգետիկ անվտանգության խնդիրներն ընդհանրապես, եւ միջուկային անվտանգությանը` մասնավորապես, հատուկ նշանակություն ունեն, երկրի ղեկավարն ասել է, որ դրանք մշտապես իր եւ կառավարության ուշադրության կենտրոնում են: Նա ընդգծել է ատոմային էներգիայի օգտագործումը խաղաղ նպատակներով զարգացնելու, եղած ջերմային հզորություններն արդիականացնելու, նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու Հայաստանի մտադրությունը, եւ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքը:

Խոսելով Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մասին` Ադոլֆ Բիրկհոֆերն ասել է. «Դուք կարող եք հպարտանալ ատոմակայանի անվտանգ շահագործման ուղղությամբ վերջին տարիներին կատարած աշխատանքով: Ձեր կառավարության ջանքերի, մասնագետների հմտությունների եւ գիտելիքների շնորհիվ իրականացվել է այնպիսի կառավարում, որի արդյունքում ներկայումս Հայկական ԱԷԿ-ը լիովին թարմացվել է, ունի անվտանգության բարձր մակարդակ եւ այլ երկրների նմանատիպ կայանների համեմատ լավագույնս է պահպանվել»:

Կողմերը քննարկել են նաեւ ԱԷԿ-ի հետագա շահագործմանը, նոր էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցեր: