Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի 150-ամյակի առթիվ այդ երկրի դեսպանատունն առաջարկել է Երևանի ավագանուն մայրաքաղաքում տեղադրել նրա արձանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել և կարծիքներ է խնդրել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Զախարյանը։
Նա նշել է, որ առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից Բրազիլիայի այգին։
Զախարյանը նաև ներկայացրել է առաջարկվող արձանի էսքիզային տարբերակը, որտեղ Գանդին քայլում է:
Մահաթմա Գանդին Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդներից էր: 1930-ի մարտի 12-ին Գանդին «Աղի երթի» անունը ստացած քայլարշավ է սկսել իր հոգևոր մենաստանից՝ ընդդեմ բրիտանական հարկերի: Մի քանի հարյուր կիլոմետր քայլելու ընթացքում Գանդիին միացել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Նա նաև կիրառել է քաղաքացիական անհնազանդության «չարին բռնությամբ չդիմադրելու» տեսությունը, ըստ որի՝ պայքարը պետք է բռնությամբ չուղեկցվի, մարդիկ պետք է ինքնակամ միանան դրան: