2020-ին բանակում դեպքերի վերաբերյալ վարչապետի մոտ փետրվարի 17-ին անցկացված խորհրդակցության արդյունքում մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ են կայացվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել:
Սրա համար, սակայն, կարևոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եվ մենք կհաղթենք: Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»,- ասվում է գրառման մեջ:
Խորհրդակցությունն անցկացվել է վերջին շրջանում Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի հանգամանքների և պատճառների վերաբերյալ: Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին:
Փաշինյանն առաջնային է համարել ԶՈւ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:
Տարեսկզբից բանակում մահվան 13 դեպք է գրանցվել, տարբեր, այդ թվում՝ չպարզված, հանգամանքներում: