Հայաստանի ուշադրության կենտրոնում է Իտալիայում նոր կորոնավիրուսի տարածումը, Երևանը քննարկում է հնարավոր հակաքայլերը: Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է իր սլովակ պաշտոնակցի հետ հետ համատեղ ասուլիսում, տեղեկացնում է CivilNet-ը:
«Մենք գնահատում ենք՝ ինչ անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի նախ պաշտպանենք մեր բնակչությանը, ինչպես նաև պայքարենք համաճարակի տարածման դեմ և հաղթահարեք այն միասին: Սա է մեր աշխատանքի տրամաբանությունը»,- ասել է նա՝ նշելով, որ ժամանակն այս պարագայում շատ մեծ նշանակություն ունի:
Մնացականյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանը կարևորում է այլ պետությունների հետ համատեղ քայլերը:
«Կորոնավիրուսի տարածումը մարտահարավեր է բոլոր պետությունների համար և պետք է համատեղ քայլեր ձեռնարկել՝ այն կանխարգելելու համար: Մենք սերտ աշխատել ենք Չինաստանի գործընկերների հետ, այժմ սերտ աշխատում ենք Իրանի հետ»,- ասել է նախարարը՝ հղում անելով կառավարությունում Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստին:
«Մենք ձեռնարկում ենք ավելի կոնկրետ քայլեր՝ այս համաճարակի դեմն առնելու համար, որն արտահայտվեց նաև Իրանում: Մենք գործակցում ենք և սերտ աշխատում ենք մեր բարեկամ Իրանի իշխանությունների հետ, որպեսզի միասին գտնենք ճանապարհներ այս համաճարակին հակազդելու համար»,- ասել է նախարարը:
Իտալիայում կորոնավիրուսից մահվան արդեն մի քանի դեպք կա։ Այդ երկրում արտակարգ միջոցներ են ձեռնարկվում վարակի տարածումը կանխարգելելու համար։ Վարակակիրների թիվն արդեն գերազանցել է 150-ը, որոնցից 110-ը բնակվում են Լոմբարդիայիում, 21-ը՝ Վենետոյում։ Նշվում է, որ տասնյակ քաղաքներ կարանտինի մեջ են, չեղարկվել է Վենետիկի կառնավալը, մոդելավորող Ջորջիո Արմանին որոշել է իր ցուցադրությունը կազմակերպել առանց հանդիսատեսի։
Հայաստանը 2 շաբաթով դադարեցրել է ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
Ընթերցեք նաև. Կորոնավիրուսի պատճառով Միլանի մայր տաճարն ու Վենետիկի Սբ Մարկոսի եկեղեցին փակվել են