8 դեկտեմբերի 2008 - 15:59 AMT
Հայաստանի վարչապետը Թբիլիսիում կհանդիպի Միխաիլ Սահակաշվիլիի հետ եւ կայցելի Սբ.Նորաշեն եկեղեցի
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լեւոն Ռուխկյանը, մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանը, ՀՀ կառավարության, ՀՀ ԱԳՆ աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլիի հետ, կայցելի Վրաստանում ՀՀ դեսպանատուն, հայկական Սբ. Նորաշեն եկեղեցի: