8 դեկտեմբերի 2008 - 17:28 AMT
Ռուբեն Զարգարյան. Կարգավիճակը տարածքների հետ չի փոխանակվում
Տարածքներ հանրաքվեի կամ կարգավիճակի դիմաց սկզբունքը ի սկզբանե արատավոր է եւ սխալ, ինչը չի նպաստում խաղաղ գործընթացին ու հաջողությանը բանակցություններում: Այդպես է գտնում ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: Նրա կարծիքով, կարգավիճակը տարածքների հետ չի փոխանակվում: «Ակնհայտ է, որ ԼՂՀ անկախ պետական կարգավիճակը քննարկման առարկա չէ, այն պետք է անհապաղ ճանաչվի եւ խաղաղ պայմանագիր կնքվի ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ, որի շրջանակներում կձեւակերպվի ԼՂՀ-ի ու Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը եւ կլուծվի տարածքների ու փախստականների հարցը փոխադարձ հիմքի վրա: ԼՂՀ-ի ու Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը պետք է լինի բանակցությունների մեկնարկային կետը, ոչ թե` վերջին: Երկրորդ փուլում պետք է լուծել առավել բարդ խնդիրները` տարածքներ, փախստականներ, սահմաններ»,-ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Զարգարյանի «Ղարաբաղյան ռեկոնկիստա» հոդվածում: Նա նաեւ հիշեցնում է, որ միջազգային իրավունքում չկան նորմեր, որոնք պարտավորեցնում են ինքնորոշվող պետությանը ստանալ մետրոպոլիայի համաձայնությունը, որից նա անկախանում է: «Հակառակը, Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում (1970թ. հոկտեմբերի 24-ի թիվ 2625 բանաձեւ) ասվում է, որ ինքնիշխան եւ անկախ պետության ստեղծումը, ազատ միացումը անկախ պետության կամ միավորումը նրա հետ, կամ ցանկացած այլ քաղաքական կարգավիճակի հաստատումը ժողովրդի ազատ որոշման միջոցով, հանդիսանում է այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ձեւը: Հռչակագրում ասվում է, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է անհապաղ վերջ դնել գաղութատիրությանը, պատշաճ հարգանք դրսեւորելով շահագրգիռ ժողովրդների ազատ արտահայտված կամքի հանդեպ, ինչպես նաեւ ի նկատի ունենալ, որ ժողովրդների ենթարկումը օտարերկրյա լծին, տիրակալությանը եւ շահագործմանը ինքնորոշման սկզբունքի եւ մարդու հիմնարոր իրավունքների խախտում է եւ հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրությանը»,-գրում է Զարգարյանը:
Նրա խոսքերով, չնայած առկա հակասություններին, Ռուսաստանն ու Արեւմուտքը համագործակցության կարիք ունեն: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակի եզակիությունը, ի տարբերություն այլ հակամարտությունների, նրանում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տարաձայնություններ չունեն, բոլոր երեք տերությունները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: «Նրանց կողմից ԼՂՀ անկախության համատեղ վերջնական ճանաչումը կնպաստեր Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ լարվածության մեղմացմանը»:
«ԼՂՀ-ի վերջնական ճանաչման ձգձգումից աշխարհում ոչ ոք չի շահում, հակառակը, տուժում են շատերը, այդ թվում նաեւ Ադրբեջանը: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղը հաջողությամբ զարգանում է եւ առանց ճանաչման: Ճանաչումը դա վաղուց արդեն կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստի լոկ արձանագրումը կլինի: Նապոլեոնն մի առիթով ասել է, որ Ֆրանսիան ճանաչման կարիք չունի, չճանաչել Ֆրանսիան, դա նույնն է, ինչ չճանաչել արեւի շողարձակումը պարզ արեւոտ օրը: Նիկոս Լիգերոսը, Հունաստանի արտգործնախարարության գիտական խորհրդատուն, ընդգծում է, որ հայ ժողովուրդը գոյատեւում է ի հեճուկս ամեն ինչի եւ ամենքի, սակայն այն վտանգի մեջ է, քանի դեռ արտաքին խաղացողները փորձում են պնդել, թե անհրաժեշտ է վերադարձնել ազատագրված տարածքները»,-ասել է Ռուբեն Զարգարյանը: