Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերքում է կորոնավիրուսի տարածման հետ կապված Վրաստանի հետ սահմանի փակվելու մասին տեղեկությունը: Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ վրաց-ադրբեջանական սահմանին անձնագրային անցակետի փակվելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է «Թրենդ»-ը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի կառավարության որոշմամբ Ադրբեջանի հետ սահմանը 2 շաբաթով փակվել է փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքից հետո: Վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել էր Իրանից Ադրբեջանի տարածքով։
Նշվում է, որ ներկայումս Վրաստանի հետ սահմանը հատելու սահմանափակում չկա:
«Դեռևս այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել: Եթե նման որոշում կայացվի հանրությունը կիրազեկվի»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Թբիլիսիում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է Ադրբեջանի 4 քաղաքացի: Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ հոսպիտալացված ադրբեջանցիներն Իրանից են վերադարձել: