8 դեկտեմբերի 2008 - 19:06 AMT
ՎՈՒԵ-ն հերքում է Վրաստանի հայ բնակչության կրոնական խտրականության մասին տեղեկատվությունը
Վրաստանի Պատրիարքարանը հերքում է Վրաստանի հայ բնակչության կրոնական խտրականության մասին տեղեկատվությունը եւ գտնում, որ Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի եւ Ամենայն հայոց Գերագույն Պատրիարք եւ Կաթողիկոսի միջեւ եղբայրական փոխհարաբերությունները կնպաստեն վերջերս ծագած լարվածության թոթափմանը եւ կհանգեցնեն խնդրի խելամիտ եւ արդար լուծմանը:
«Վրաստանի Պատրիարքարանը ափսոսանք է հայտնում` կապված Վրացական եկեղեցու վերաբերյալ վերջերս հայ եւ արտասահմանյան ԶԼՄ-ներում արտահայտված գնահատականների վերաբերյալ, որտեղ խոսքը գնում է Վրաստանում ապրող հայ բնակչության հանդեպ կրոնական խտրականության մասին, մինչդեռ հազարամյակներ շարունակ Վրաստանում գոյություն ունի եւ զարգանում է բազմահոգանոց հայկական սփյուռքը, ազատ եւ առանց սահմանափակումների գործում է Հայ Առաքելական Եկեղեցու վրաց թեմը, ստեղծվել են հայկական մշակույթի կենտրոններ` թատրոն, հասարակական գործիչների Պանթեոն, շրջանային հայալեզու հեռուստաալիքներ, աշխատում են դպրոցներ, բարձրագույն ուսումնական հաստատություններում կա հայկական բաժին, տպագրվում են թերթեր եւ այլն, ինչը հանդիսանում է պետության եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու` մեր հայ համաքաղաքացիների հանդեպ հարգանքի ու բարեկամության ապացույցը»,- ասվում է դեկտեմբերի 8-ին Վրաստանի Պատրիարքարանի կողմից տարածված հայտարարության մեջ:
Միեւնույն ժամանակ Պատրիարքարանը կրկին պնդում է հայ ժողովրդի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ իր հարգանքի հարցում եւ նշում, որ «պետականության ու ազգային ինքնուրույնության համար պայքարի ծանր ու երկար ճանապարհին մեր ժողովուրդները բազմից միմյանց օգնության ձեռք են մեկնել; հայ եւ վրաց հարուստ պատմագրությունը պահպանել է դա հաստատող մի շարք փաստաթղթեր; թեեւ երբեմն, ցավոք, տեղ են գտել թյուրիմացություններ, երբ մեր կողմից թշնամու ցանկությամբ` բաժանիր եւ տիրիր, բավականաչափ չեն հակադրվել հեռատեսությունն ու իմաստությունը»:
«Հայտնի է, որ վրացական եւ հայկական եկեղեցիները տարբեր կարծիքներ ունեն Թբիլիսիի Լեսելիձե փողոցի վրա գտնվող «Ջվրիս մամա» պատմական, կրոնական հուշարձանի (հայկական աղբյուրների համաձայն` «Նորաշեն» եկեղեցու) վերաբերյալ, եւ քանի որ իրադրությունը սրվել է, կարծում ենք, որ պետք է հարցի գիտական ուսումնասիրություն եւ պրոֆեսիոնալ փորձագետներով համալրված հանձնաժողովի հետ դրա արդյունքների համաձայնեցում անցկացվի: Մեր այդ դիրքորոշումը եւս մեկ անգամ արձանագրվել է նոյեմբերի 26-ին Վրաստանի Պատրիարքարանի երկկողմ հանդիպմանը, որին ներկա էին Ախալցխայի եւ Թեո-Կլարջեթյան միտրոպոլիտ Թեոդորը (Չուաձե), արտաքին կապերի բաժնի ղեկավար Զուգդյան եւ Ցաիշյան միտրոպոլիտ Գերասիմը (Շարաշենիձե), Թբիլիսիի փոխքաղաքապետ Մամուկա Ախվլեդիանին; իսկ հայկական կողմից` եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, Ջավախեթիում Հայկական Եկեղեցու վիկարիոս հայր Բաբկենը եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը»,- ասվում է փաստաթղթում:
Պատրիարքարանի տեղեկատվության համաձայն այդ հանդիպմանը ընդունվել է հետեւյալ համաձայնությունը. անհապաղ դադարեցնել վիճելի հուշարձանին հարող տարածքում ցանկացած տիպի աշխատանքները, ծրագրել եւ անցկացնել բոլոր անհրաժեշտ միջոցները, իսկապես սկսել երկկողմ հանձնաժողովի աշխատանքը, որպեսզի պատմական, արվեստաբանական եւ հնագիտական փորձաքննությունների հիման վրա ուսումնասիրել հուշարձանի պատկանելության հարցը եւ համապատասխան եզրակացություն անել եւ մինչ այդ հուշարձանի վերաբերյալ երկկողմ մորատորիում հայտարարել:
«Բնականաբար, նման համաձայնության դեպքում նոյեմբերի 27-ին եւ դեկտեմբերի 3-ին Հայաստանում տեղի ունեցած ցույցերը եւ Հայկական Եկեղեցու կողմից արված կտրուկ հայտարարությունները մեզ համար անսպասելի էին, թեեւ, չնայած ստեղծված իրադրությանը, կարծում ենք, որ Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի եւ Ամենայն հայոց Գերագույն Պատրիարք եւ Կաթողիկոսի միջեւ եղբայրական փոխհարաբերությունները կնպաստեն վերջերս ծագած լարվածության թոթափմանը եւ կհանգեցնեն խնդրի խելամիտ եւ արդար լուծմանը»,- հայտնում է Վրաստանի Պատրիարքարանը, հաղորդում է Վրաստան Online-ը: