3 մարտի 2020 - 18:26 AMT
Խստացնել սուտ մատնության համար պատիժը. ԱՆ առաջարկն է

Արդարադատության նախարարությունն առաջարկում է խստացնել սուտ մատնության համար սահմանված պատիժը՝ դրանով փորձելով նաև կանխել նմանատիպ դեպքերը և խնայել նախաքննական մարմնի ժամանակը:

Ըստ օրինագծի՝ եթե անձը գիտակցել է, որ հանցագործության մասին տրամադրած իր տեղեկատվությունը կեղծ է, սուտ մատնություն կատարելու համար կպատժվի տուգանքով՝ 500-800,000 դրամի չափով, կամ կալանքով՝ 2-3 ամսով, կամ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարով:

Գործող օրենքով՝ այդ արարքի համար անձը պատժվում է տուգանքով՝ 200-400,000 դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարով։

Այն դեպքում, երբ սուտ մատնությունը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով կամ կատարվել է շահադիտական դրդումներով, առաջարկվում է սահմանել ազատազրկում՝ առավելագույնը 6 տարով՝ գործող 5-ի փոխարեն:

ԱՆ-ից նշում են, որ, անտեսելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության հանգամանքը, շատ քաղաքացիներ շարունակում են իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ ներկայացնել, ինչը վկայում է սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը խստացնելու անհրաժեշտության մասին:

Ըստ նախարարության՝ սուտ մատնությունը հարկադրում է քննիչին ոչ միայն ուժեր ու միջոցներ վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար, այլև ժամանակի կորուստ է և քննությունը սխալ ճանապարհով է տանում:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2016-2019-ին գրանցվել է սուտ մատնության 496 դեպք, որից միայն 163-ը՝ Հատուկ քննչական ծառայությունում: Սակայն սուտ մատնությունների փաստով հարուցված քրգործերը հիմնականում ավարտվել են մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու: Ըստ նախարարության՝ սուտ մատնության համար սահմանված պատիժը խստացնելով՝ դրանց թիվը կնվազի, հետևաբար՝ վարույթն իրականացնող մարմնի ժամանակն ու միջոցներն արդյունավետ կօգտագործվեն։