31 հուլիսի 2002 - 22:30 AMT
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ
Հայ-չինական ռազմական համագործակցությունը մեծ ներուժ ունի, եւ արդեն այսօր կարելի է ասել, որ դրա հեռանկարները հուսադրող են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը չինական բանակի 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կայացել է Երեւանում: Նրա խոսքերով, չինական կողմի հետ համագործակցությունը հատկապես ակտիվ է զարգանում կադրերի պատրաստման ոլորտում: Մասնավորապես, հայ սպաները զինվորական ուսուցում են ստանում Չինաստանի ռազմական ուսումնական հաստատություններում: Մ. Հարությունյանը նշել է, որ առաջին հայացքից, Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ռազմական ոլորտում շատ քիչ ընդահնուր բան կա, սակայն երկու երկրների զինված ուժերն էլ ստեղծվել են աշխարհազորայինների ջոկատների հիման վրա: Մ. Հարությունյանը համոզվածություն է հայտնել որ «հայկական տասնամյա փորձը նույնպես կարող է օգտակար լինել Չինաստանի համար»: Նշենք, որ մինչեւ տարեվերջ նախատեսված է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի այցը Չինաստան: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների միջեւ ռազմական հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները: