15 դեկտեմբերի 2008 - 14:54 AMT
Սպառազինությունների մրցավազքը Կովկասում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների
«Սպառազինությունների մրցավազքը Կովկասում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Այն պայմաններում, երբ Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական բյուջեն, միաժամանակ հայտարարելով, թե ղարաբաղյան հակամարտությունը կարող է ռազմական ճանապարհով լուծվել, շփման գծում ցանկացած միջադեպ կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից եւ հանգեցնել անդառնալի հետեւանքների»,-այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոյի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Ընդ որում նա հավելել է, որ ԵԱՀԿ երկրները համարժեք գնահատական չեն տալիս Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինության սահմանափակման մասին պայմանագրի կվոտաների խախտմանը:

Իր հերթին Մարկ Պերրեն դը Բրիշամբոն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն հարթակ է կազմակերպության անդամ երկրների միջեւ հակամարտությունների լուծման համար: «ԵԱՀԿ-ն խրախուսում է հակամարտության խաղաղ կարգավորումը: Հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքն ընդհանուր է միջազգային հանրության եւ ԵԱՀԿ անդամ երկրների համար»,-հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: