15 դեկտեմբերի 2008 - 16:23 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը հանրապետությունում
Հայաստանի կառավարությունը բավական հստակ քայլեր է ձեռնարկել ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման համար: Այդ մասին այսօր Երեւանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոյի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Անկասկած, հավելել է նա, մեկ օրում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները, սակայն Հայաստանը միջազգային կառույցների հետ միասին կարողացավ կարճ ժամանակում լուրջ աշխատանք տանել:

Ինչպես հաղորդեց ՀՀ ԱԳ նախարարը, Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը հանրապետությունում, քանի որ այդ բարեփոխումները, առաջին հերթին, անհրաժեշտ են հենց Հայաստանին: «Մենք կատարում ենք ԵԽԽՎ 1606 եւ 1620 բանաձեւերի հանձնարարականները, ելնելով ոչ թե ինչ-ինչ կառույցների պահանջներից: Այդ բարեփոխումների իրագործումը անհրաժեշտ է մեր ժողովրդին, մեր երկրին եւ մենք կշարունակենք սկսած գործընթացը»,-ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: