Նինոծմինդայում Հայաստանից ժամանած 4 անձ է ինքնամեկուսացվել, 1-ը կարանտինի գոտում է։ Այդ տեղեկությունը հաստատել է Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը։
Այդ 5 անձը Վրաստանի քաղաքացի են, որոնք ՀՀ-ից ժամանել են մարտի 15-ին։ Նրանցից մեկը 37 աստիճան ջերմություն է ունեցել, ինչի պատճառով տեղափոխվել է Աբասթումանիի կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ նա ջերմություն չունի: Մնացած 4 ուղևորն ինքնամեկուսացվել են, առողջական որևէ գանգատ չունեն, տեղեկացնում է Aliq.ge-ն։
Սամցխե Ջավախքի վեց մունիցիպալիտետից հինգի 36 բնակիչ ինքնամեկուսացվել է: Այս քաղաքացիները ժամանել են Վրաստան ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ այլ երկրներից:
Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակման 33 դեպք կա, մեկն արդեն ապաքինվել է: Կարանտինային գոտում է 637 մարդ, հատուկ ուշադրության տակ՝ 54-ը: Վրաստանի կառավարությունը որոշել է մարտի 18-ից փակել երկրի բոլոր սահմանները, նաև արգելել արտասահմանցիների մուտքը:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են նաև թատրոնները, կազինոները, ժամանցի այլ վայրերը: Պետությունը կոչ է անում ինքնամեկուսացվել, չհաճախել մարդաշատ վայրեր: Սրա հետ մեկտեղ, չեղարկվել են մի շարք բազմամարդ միջոցառումներ՝ այդ թվում հարսանիքներ:
Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից