Պարենի համաշխարհային շուկան ներկայումս լավ վիճակում է, սակայն կորոնավիրուսի պատճառով մեծանում է հավանականությունը, որ այն կարող է վտանգվել, հայտնել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն:
G20 երկրի ղեկավարներին դիմելով՝ նա կոչ է արել միջոցներ ձեռնարկել պանդեմիայի ընթացքում պարենի համաշխարհային պաշարների ֆունկցիոնալությունը բնականոն կերպով իրականացնելու համար:
ՊԳԿ ղեկավարը նշել է, որ մեկուսացման և շարժի սահմանափակման քաղաքականությունը կարող են խախտել սննդի արտադրությունը, վերամշակումը, վաճառքը՝ ազգային և միջազգային մակարդակով: Ըստ նրա՝ դա կարող է «ուղղակի և լուրջ» ազդեցություն ունենալ այն մարդկանց վրա, որոնց շարժունակությունը սահմանափակվել է:
Դոնգյուն նշել է, որ նման իրավիճակում ամենից շատ տուժելու են սոցիալապես անապահովները՝ կոչ անելով պետություններին ուժեղացնել սոցիալական պաշտպանության մեխանիզմները:
ԱՀԿ-ն աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ աշխարհում վարակակիրների թիվն անցել է կես միլիարդը: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է մոտ 86,000 մարդ, այս ցուցանիշով երկիրն առաջ է անցել Չինաստանից: Աշխարհում կորոնավիրուսից մոտ 24,000 մարդ է մահացել, 123,000-ից ավելին՝ վերականգնվել: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից