ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը զգուշացնում է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում, օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները և ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։
«Նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը և համաճարակային իրավիճակի վատթարացմանը: Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաև օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։
Դեպարտամենտը նաև տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպություններն իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ:
«Բոլորին հորդորում ենք հոգ տանել սեփական առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի մասին»,- ասվում է հայտարարության մեջ:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, ապաքինվել է 31 մարդ։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից