Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ տեսակապով զրույցի ժամանակ գերմանական կողմին առաջարկել է դիտարկել Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը:
Հանրապետության նախագահը և դեսպանը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, դրա կանխարգելման, հաղթահարման և բուժման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։
Զրուցակիցներն անդրադարձել են գլոբալ համավարակի դեմ պայքարում հնարավոր համատեղ քայլերին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գերմանիայի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը, մասնավորապես՝ պաշտպանիչ միջոցներ, հանդերձանք, համապատասխան պարագաներ։
Անդրադարձ է եղել նաև ATOM նախագահական նախաձեռնությանը և դրա շրջանակում համատեղ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ թեմայով քննարկումներ է ունեցել գերմանական մի շարք գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև խոշոր ընկերությունների, մասնավորապես Siemens-ի հետ: Ծրագրի նպատակն է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ Հայաստանում զարգացնել արհեստական բանականությունը:
Նախագահ Սարգսյանն իր ողջույններն ու բարեմաղթանքն է փոխանցել նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին՝ հույս հայտնելով, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսված նրա պաշտոնական այցը Հայաստան կկայանա: Այս առնչությամբ դեսպանը նշել է, որ նախագահ Շտայնմայերի այցն օրակարգում է: