«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից 78-ամյա պացիենտ է մահացել, հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,- գրել է նա։
Մահացողը ՀՀ քաղաքացի չէ։ Սա երկրում կորոնավիրուսից մահվան 6-րդ դեպքն է։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից