4 ապրիլի 2020 - 16:25 AMT
Ապրիլի 6-ի Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերն արդեն սպառվել են

Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծ քանակի պատճառով ապրիլի 6-ի Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

«Մեր աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր զանգերին։ Վերջին ժամերին հեռախոսազանգերի քանակը գերազանցել է 6000-ը։ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Վայրը սահմանվում է պարետի կողմից և ենթակա չէ հրապարակման»,- ասվում է գրառման մեջ։

Դեսպանությունը շարունակում է իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ։

Մոսկվա-Երևան ապրիլի 2-ին նախատեսված չվերթի չեղարկման պատճառով ՀՀ մի խումք քաղաքացիներ չեն կարողացել վերադառնալ և գտնվում են «Դոմոդեդովո» օդանավակայանում։ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար: