22 դեկտեմբերի 2008 - 16:37 AMT
Մոնտեվիդեոյում նշել են Մերկոսուրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին տարելիցը
Դեկտեմբերի 18-ին Մոնտեվիդեոյում, Մերկոսուր դաշինքի խորհրդարանի շենքում խորհրդարանի նախագահության եւ Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ կայացել է Մերկոսուրի MERCOSUR խորհրդարանի կողմից 2007թ. նոյեմբերի 19-ին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման մեկամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառման մասնակիցների առջեւ, որոնց թվում էին խորհրդարանում ներկայացված Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի ու Պարագվայի պատգամավորներ, Ուրուգվայի կառավարության անդամներ, Մոնտեվիդեոյում հավատարմագրված Ռուսաստանի, Հունաստանի, Իրանի, Արգենտինայի, Լիբանանի դեսպանները, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, ուրուգվահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ելույթներով հանդես են եկել ՀՀԴ բյուրոյի անդամ Մ. Նալբանդյանը (Արգենտինա), Մերկոսուրի խորհրդարանի նախագահ Դր. Ռոսինյան (Բրազիլիա) եւ Հայաստանի Հանրապետության դեսպան Վ. Կարմիրշալյանը: Բանախոսները կարեւորել են հարավամերիկյան այս կազմակերպության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը եւ կոչ արել այն բոլոր երկրների կառավարություններին ու խորհրդարաններին, որոնք մինչ օրս չեն դատապարտել հայ ժողովրդի եւ ողջ մարդկության դեմ գործած այս ոճիրը, հետեւել Մերկոսուրի օրինակին:

Հայաստանի դեսպան Վ. Կարմիրշալյանը ելույթում նշել է, որ Լատինական Ամերիկայում, մասնավորապես, Մերկոսուրի անդամ երկրներում այսօր բնակվում են 150000-ից ավելի հայորդիներ, որոնց պապերն ու հայրերը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, 1920-ական թվականներին ապաստան գտան այս հեռավոր ափերում: Հիշատակելով ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի 60-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձը` Հայաստանի դեսպանը նույնպես կոչ է արել անել հնարավորը, որպեսզի նոր սերունդները ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական պատկանելիության պատճառով երբեւիցե չենթարկվեն հետապնդումների եւ առավել եւս` բնաջնջման: Ելույթի վերջում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` դեսպան Կարմիրշալյանը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախաձեռնությամբ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը մոտ ապագայում կհանգեցնի երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների ձեւավորմանն ու սահմանների բացմանը:

Միջոցառումից հետո կայացել է Մերկոսուրի խորհրդարանի նախագահ Ռոսինյայի եւ ՀՀ դեսպան Կարմիրշալյանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են նաեւ 2009թ. ընթացքում Մերկոսուրի խորհրդարանի եւ ՀՀ Ազգային Ժողովի միջեւ պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը: