6 ապրիլի 2020 - 11:53 AMT
Թորոսյան․ Նույնն էր աշխարհը, երբ չկային պատվաստանյութեր կարմրուկի, ծաղիկի և այլ վարակների դեմ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով կորոնավիրուսի համավարակին և օգտագործելով այս վատ «առիթը» հիշեցնում է բոլորին, հատկապես պատվաստանյութերի դեմ արտահայտվողներին՝ «անտիվաքսերին», թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան հանգեցնել։

«Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից... Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից... Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից... Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով...»,- գրել է նա՝ նշելով, որ սպասում է նոր՝ «կյանք փրկող պատվաստանյութի»:

Հայաստանում տարիներ շարունակ չեն գրանցվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ պոլիոմիելիտ, դիֆթերիա, փայտացում, կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր և այլն: