11 ապրիլի 2020 - 15:48 AMT
ԿԳՄՍՆ․ Թեմաները, որոնք հնարավոր չէ արդյունավետ մատուցել առցանց, պետք է լրացնել հետագայում

Այն թեմաները, որոնք ուսուցչի գնահատմամբ հնարավոր չէ արդյունավետ մատուցել առցանց, կարող են չներառվել հեռավար ուսուցման գործընթացում, սակայն դրանք հարկավոր է հաշվառել՝ հետագայում լրացնելու համար: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հեռավար ուսուցման մեթոդն արդյունավետ դարձնելու խորհուրդներ է հրապարակել։

ԿԳՄՍՆ-ն առաջարկել է առարկաների ուսուցումը հեռավար եղանակով կազմակերպել հնարավորինս իրավիճակին համարժեք։

Նշվում է, որ այդկերպ ուսուցման կազմակերպումը հնարավորություն կտա խնայել ֆիզիկական և տեխնիկական ռեսուրսները, երեխաները և ուսուցիչները ստիպված չեն լինի երկար ժամանակ անցկացնել համակարգչի առջև։

«Ավելին, համակարգչային սարքավորումներ և ինտերնետային կապ չունենալու պարագայում այս գործընթացը կարող է իրականացվել՝ օգտագործելով հեռուստատեսությամբ հասանելի ուսումնական դասերը, դասագրքերը, այլ հասանելի նյութեր, ուսուցչի հետ կարելի է կապվել հեռախոսով: Բոլոր հարթակների վերաբերյալ խորհրդատվությունը և առցանց աջակցության թեժ գիծը հասանելի են հեռավար ուսուցման համալիր էջում»,- ասվում հատարարության մեջ։

ԿԳՄՍՆ-ից նաև առաջարկում են ձեռնպահ մնալ պարտադիր թեմատիկ գրավոր աշխատանքներ իրականացնելու պահանջից, քանի որ այն կրթության կազմակերպման նմանատիպ մեթոդների ժամանակ արդյունավետ չէ և հանգեցնում է լրացուցիչ բարդությունների:

Նախարարությունից հայտում են, որ հետագայում այս շրջանի համար էլեկտրոնային մատյանում արված գրանցումները թղթային մատյաններ փոխանցելու կարիք չի լինելու:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Ապրիլի 11-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 966-ի։ Մահվան ելքով ընդհանուր 13 դեպք կա։ Ապաքինվել է 173 անձ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից